Եթե համաներումը նախորդ տարիների նման լինի, ապա այն կտարածվի նաեւ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ  Մարգար Օհանյանի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Նա շեշտեց, որ համաներման տեքստը դեռ պարզ չէ, հինգշաբթի, ուրբաթ օրերին հաստատված կլինեն այն հոդվածները, որոնց վրա կտարածվի համաներումը, չի ցանկանում վաղաժամ կանխատեսում անել:

«Նախորդ տարիներին համաներումը ազդել է այն անձանց վրա, ովքեր վնասը վերականգնել են, եթե նախորդ տարիների նման լինի, ապա կազդի»,- ասաց Մկրտիչ Վասակյանը: Նա Մարգար Օհանյանին տեսել է 15-20 օր առաջ, վերջինս առողջական խնդիրներ ունի՝ շաքարի հետ կապված:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: Նա նաեւ ներման խնդրագիր էր փոխանցել Սերժ Սարգսյանի, որը մինչեւ այսօր անարձագանք է մնացել: