Այդքան սպասված սեպտեմբերյան արձակուրդը որոշվել էինք անցկացնել ծովափին, հայտնի պատճառներով՝ գների մատչելիություն, Վրաստանի սեւծովյան ափերին:

Մեզ չտանջելու եւ ժամանելուն պես հյուրանոց չփնտրելու համար ընկերներիս խմբի հետ որոշեցինք ուղեգիր վերցնել տուրիստական գործակալությունից: Համացանցը ցույց տվեց Smart Travel ընկերությանը, որը խոստանում էր «հարմար միկրոավտոբուսներով» հասցնել Ուռեկի ու տեղավորել Olimpia գրավիչ անվամբ հյուրանոցում:

Անտեսելով գովազդում առկա ուղղագրական սխալները՝ այնուամենայնիվ մենք դիմեցինք տուրիստական գործակալությանը: Մոտենալով նշված հասցեին (Երվանդ Քոչար 8/6)՝ մենք երկար ժամանակ փորձում էինք բացատրել մեր այցի նպատակը: Վերջապես դուռը բացեց մի աղջիկ եւ ուղեկցեց երկրորդ հարկ: Բանակցությունների արդյունքում «պարզվեց», որ հյուրանոցն ափին մոտ է, համարները հարմարավետ են, մերձակա տարածքում երեկոներին կարելի է նստել հանգստանալ: Ընդ որում աղջիկը խոստովանել էր, որ ինքը երբեւէ Ուռեկիում չի եղել: Համակերպվելով համարում հեռուստացույցի բացակայությանը, մենք վճարեցինք ուղեգրերի դիմաց եւ վերադարձանք տուն, որ պատրաստվենք չվերթին:

Առաջին անակնկալը մեզ սպասում էր մեկնումի երեկոյան: Տոմսերի վրա որպես մեկնման կետ նշված էր Բաղրամյան պողոտան: Պատկերացրեք, ինչպիսի անակնկալ էր, երբ տեղեր պատվիրելու համար զանգահարեցինք վարորդին ու պարզվեց, որ մեքենան մեկնում է բոլորովին այլ վայրից՝ երկաթուղային կայարանից: Տուրիստական գործակալությունում այս տհաճ փաստը բացատրեցին «մոռացկոտությամբ»:

Միկրոավտոբուսներն իսկապես հարմարավետ էին: Դա միակ խոստումն էր, որը համապատասխանում էր իրականությանը:

Ուռեկի տանող ճանապարհին վարորդը հարցրեց, արդյոք մենք նախկինում եղել ենք Olimpia հյուրանոցում: Հավատալով գործակալության աղջկան՝ մենք հավատացրեցինք, որ չենք եղել, բայց այն հիանալի է: Վարորդը լռեց:

Գյուղից մի փոքր անցնելով՝ տաքսին կանգ առավ մի հյուրանոցի մոտ, ինչպիսիք որ Ուռեկիում բազմաթիվ են: Միայն թե այն ափից ոչ թե «երկու քայլ» էր այն կողմ, այլ մի ամբողջ կիլոմետր: Նրանք, ովքեր եղել են Ուռեկիում, գիտեն, որ գյուղում միայն մեկ ասֆալտապատ ճանապարհ կա, իսկ մյուսների վրա անգամ չոր եղանակին ջրափոսեր կան ու անցանելի ցեխաջրեր: Այսինքն անձրեւոտ եղանակին խանութ կամ դեղատուն հասնելն ինքնին վտանգավոր է: Գումարած համարներում հեռուստացույցի բացակայությունը: Այդ ամենն ընդ որում կողքի հյուրանոցներում ներառված էր համարների արժեքի մեջ: Խոստացածի եւ իրականության նման անհամապատասխանությունը չէր հուզում ոչ հյուրանոցի տերերին, ոչ էլ տուրիստական գործակալությանը: Մինչ դեռ հեռախոսով թեժ պայքար էինք վարում տուրիստական գործակալության վերոհիշյալ աղջկա հետ, մեկ այլ հանգստացող(բացառված չէ, որ միակը, քանի որ ուրիշների չէինք տեսել) հաղորդեց, որ ինքը եւս Երեւանից է եւ նույն ուղեգրով է եկել, ինչի մասին զղջում է:

Հիշեցնենք, որ հյուրանոցի համարները, ճանապարհն ու հետադարձ ուղին նախօրոք վճարվել էին: Բանավոր պայմանավորվածությամբ, մի քանի օր անց տոմսի վրա նշված համարով կարող էինք զանագահարել վարորդին եւ պայմանավորվել հետադարձի մասին:

Ոչ մեկ, ոչ էլ երկու օր անց կապ հաստատել տուրիստական գործակալության որեւէ աշխատակցի հետ չէր հաջողվում: Հեռախոսներն ուղղակի անջատված էին: Սակայն պարզվեց, որ այդ օրը մեկ այլ միկրովտոբուս (ընդ որում, ոչ թե սովորականի պես երեկոյան, այլ առավոտյան) է մեկնում, որի շնորհիվ էլ կարող ենք հասնել Երեւան: Առանց տուրիստական գործակալության հետ կապ հաստատելու, մենք որոշեցինք օգտագործել առկա հնարավորությունն ու մեկնել:

Եւ ահա 16:00-ի սահմաններում, երբ մենք արդեն ՀՀ տարածքում էին, զանգահարեց տուրիստական գործակալության աշխատակցուհին(ում մեր կողմից բազում հաղորդագրություններ էին ուղարկվել) եւ ուրախ հայտնեց, որ միկրոավտոբուսը մեկնում է 20:00-ին: Այսինքն վերադարձի մասին հայտնում էին մեկնումից մի քանի ժամ  անց:

Բնականաբար, գումարները մեզ հետ չվերադարձրեցին՝ պայմանավորելով, թե իբր «սպասեիք զանգին»:

Սակայն ահա թե ինչն է անհանգստացնում: Նույն տուրիստական գործակալությունն ուղեգրեր է տրամադրում «հեռավոր արտասահման»: Եթե խոսենք գովազդի մասին, ապա այն բավական ընդգրկուն է՝ Բրազիլիայից մինչեւ Չինաստան: Չէինք ցանկանա առանց հետադարձ տոմսի հայտնվել ինչ-որ հեռավոր վայրում, ասնեք՝ Շրի-Լանկայում: