Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանը («Պալաչ») վստահեցնում է, որ քավորի հետ հարաբերությունները նորմալ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:
«Պարոն Ծառուկյանի հետ մեր հարաբերությունները նորմալ է, ամեն ինչ լավ է, այդ թեման համարեք փակված: Հանդիպել ենք, նորմալ է ամեն ինչ, խնդիր չկա, էլ մի անդրադարձեք, որովհետեւ կարիք չկա, շատ շուտ եմ հանդիպել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի բարեգործական երթուղայիններին, որոնք խանգարում էին Արթուր Հարությունյանի «Քինգ դելյուքսի» ավտոբուսների աշխատանքին, ապա նա ասաց, որ դա չի խանգարում իրենց աշխատանքին, կան, աշխատում են ու դեռ կաշխատեն: «Դե առաջ մեքենաների քանակը շատ էր, մի քիչ խանգարում էր, բայց հիմա նորմալ է, մեր բնականոն աշխատանքին չի խանգարում: Աշխատում են, սպասարկում են ոլորտին, բայց նորմալ է, ինձ չի խանգարում»,- ասաց նա;
Հարցին, թե հիմա էլ եք այն կարծիքին, որ դա բարեգործություն չէ, չարագործություն է, նա պատասխանեց. «Պարոն Ծառուկյանի հետ մեր հարաբերությունները շատ լավ է, այդ հարցը համարեք փակված, էլ նման հարց մի տվեք, մեր մեջ խնդիր էլ չկա»:
Նշենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար երթուղիներ ունի Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան ուղղություններում, որոնք խանգարում էին «Կինգ դելյուքսի» աշխատանքներին, քանի որ բնակիչները նախընտրում էին անվճար երթուղայից օգտվել, իսկ իրենց վարորդները ուղեւորներ էին ունենում: Ավելի վաղ Արթուր Հարությունյանը ասել էր, որ չի սիրում «բարգավաճ» բառը եւ չի ցանկանում խոսել իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին, որոնք, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, լարված են: Իսկ թե Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն «Քինգ Դելյուքսի» աշխատանքին չե՞ն խոչընդոտում, Արթուր Հարությունյանը արձագանքել էր. «Դուք էդ հարցի պատասխանը կարաք փողոցներում նայեք, ինքներդ դատեք: Ընդհանրապես բառերը ճիշտ ձեւակերպենք՝ դա բարեգործություն չի, դա չարագործություն է»: Իսկ Գագիկ Ծառուկյանը չարագործությամբ է զբաղված, թե ոչ, Արթուր Հարությունյանն ասել էր, թե ինքը պրովակացիոն հարցերի չի պատասխանում:





























