Աղմուկ հանած օֆշորի գործով Հայաստանից Կիպրոս մեկնած քննչական խումբը վերադարձել է եւ առաջիկայում լրացուցիչ հարցաքննություններ են սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: Գործարարը փոխանցեց, որ ինքը դեռ հարցաքննության չի հրավիրվել, սակայն իր փաստաբանը հանդիպել է նրանց հետ եւ սպասում են, որ այնտեղից բերված փաստաթղթերը թարգմանվեն:

«Իրավաբանիս ասել են թղթերը թարգմանելու են տվել եւ, որ այդ փաստերի բովանդակությունը նախաքննական գաղտնիք է»,- նշեց Փայլակ Հայրապետյանը: Հարցին, թե այդ փաստաթղթերում հիմնավոր ապացույցներ կա՞ն, թե՝ ոչ, նա արձագանքեց. «Եթե հիմնավոր չլիներ, հիմա ինձ կերել էին»:

Ավելի վաղ Փայլակ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է  Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել  նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով  «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին` Սուքիասյանը ծրարով բերել է իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն են տվել: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում է պահանջել՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,–  մանրամասնել էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրել է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:  Ընթացքում նա վերցված գումարներով, ոչ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է  վերադարձրել: Դատական գործ է հարուցվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել են իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը: