Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ  Մարգար Օհանյանի հարազատները սպասողական դրության մեջ են եւ դեռ չգիտեն՝ համաներումը նրա վրա կտաածվի՞, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանը:

«Ես ձեռքիս տակ հոդվածները չունեմ, որ կարողանամ ասել, սակայն սպասման մեջ ենք եւ հուսով ենք, որ համաներումը նրա վրա էլ կտարածվի»,- նշեց Մուշեղ Օհանյանը:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: Նա նաեւ ներման խնդրագիր էր փոխանցել Սերժ Սարգսյանի, որը մինչեւ այսօր անարձագանք է մնացել: