20-ամյա Մհեր Մկրտչյանը ամուսնության նպատակով առեւանգել է «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի անչափահաս Ի. Ն.-ին: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ տուժող Ի. Ն.-ն իր ցուցմունքում նշել է, որ Մհեր Մկրտչյանն իր ընկերն է եղել, ում հետ հանդիպել են, իսկ դեպքի օրը՝ 2013թ. մարտի 15-ին, գժտված են եղել։ Մհեր Մկրտչյանը հաշտվելու բազմաթիվ փորձեր է արել, սակայն ինքը չի ցանկացել նրա հետ հաշտվել եւ շարունակել հանդիպել։
Այդ օրն առավոտյան քոլեջ գնալիս, քոլեջի պահակակետի մոտ նա հանդիպել է Մհերին. վերջինս առաջարկել է խոսել, սակայն ինքը չի ցանկացել, որից անմիջապես հետո Մ.Մկրտչյանը բռնելով իր ձեռքից նստեցրել է մի մեքենա ու քոլեջի մոտից գնացել են ամայի մի վայր, որտեղ շարունակել են զրուցել, սակայն չեն հաշտվել։
Մոտ երկու ժամ անց իր հեռախոսին զանգահարել է հայրը եւ խոսել է Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո վերջինս իրեն մի պատահական տաքսի ավտոմեքենա է նստեցրել ու ճանապարհել է հետ քոլեջ։ Քոլեջից տուն գնալիս հանդիպել է հորը, ով արդեն խիստ զայրացած է եղել եւ որոշել է ոստիկանություն դիմել։ Ինքը հնազանդվել է եւ միասին գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։
Տուժողը դատաքննությամբ հայտնել է նաեւ, որ Մհեր Մկրտչյանը մենակ է եղել, ավտոմեքենա նստել է իր կամքին հակառակ, բայց նստելիս չի բղավել, օգնություն չի խնդրել, մեքենայից իջնելու փորձեր չի կատարել, վարորդից օգնություն չի խնդրել։ Քննելով գործը սեպտեմբերի 30-ին դատարանը վճռել է Մհեր Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով։ Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:





























