Պետք է պաշտպանել եւ իրացնել բոլոր միգրանտների իրավունքները՝ դարձնելով միգրացիան անվտանգ, արդյունավետ եւ նպաստավոր երեւույթ միգրանտների եւ նրանց ընտանիքների համար: Նման կոչով է հանդես եկել Միգրացիայի համաշխարհային խումբը (ՄՀԽ) ՄԱԿ-ի Միգրացիայի եւ զարգացման հարցերին նվիրված բարձրաստիճան երկխոսության շրջանակներում:
Հոկտեմբերի 3-4-ին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Միջազգային միգրացիայի եւ զարգացման հարցերին նվիրված բարձրաստիճան երկխոսության առթիվ՝ ՄՀԽ-ն հայտարարել է, որ «միգրացիայի զարգացման ներուժը չի կարող իրացվել առանց բոլոր միգրանտների մարդու իրավունքների եւ աշխատանքային իրավունքների պաշտպանության՝ անկախ նրանց կարգավիճակից»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջեւ արված հայտարարությունում ՄՀԽ-ի ներկայիս նախագահ եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգն ընդգծել է, որ միգրանտները միգրացիայի եւ զարգացման շուրջ ծավալվող բանավեճի գլխավոր մասնակիցներն են: «Միգրանտները ո՛չ ապրանք են, ո՛չ էլ արտադրական գործոն: Նրանք մայրեր ու հայրեր են, ովքեր ավելի լավ կյանք են փնտրում իրենց ընտանիքների համար: Նրանք երիտասարդներ են, ովքեր գործի են դնում իրենց տաղանդը սեփական երազանքներն ու իղձերը կյանքի կոչելու համար: Նրանք անհատներ են, ովքեր փորձում են փրկվել խտրականությունից, աղքատությունից եւ հակամարտություններից: Նրանք մեր հարեւաններն են, ազգականները, ընկերները, գործատուները կամ գործընկերները»:
ՄՀԽ-ն առաջարկել է Բարձրաստիճան երկխոսությանը ներկա հանդիսատեսին պատկերացնել մի ապագա, որտեղ միգրանտների իրավունքները կպաշտպանվեն եւ կիրացվեն ավելի լավ, որտեղ միգրացիոն քաղաքականությունը եւ զարգացման ծրագրերի մշակումն ավելի լավ կապակցված կլինի, որտեղ պետությունները եւ այլ դերակատարներն ավելի սերտորեն կհամագործակցեն միգրացիային առնչվող հարցերում՝ այսպիսով փաստարկներ բերելով, որ հենց դրանք են այն կարեւոր պայմանները, որոնք անհրաժեշտ են միգրացիայի վրա մարդկային զարգացման ազդեցությունը բարելավելու համար՝ ի շահ միգրանտների, ինչպես նաեւ ծագման եւ նպատակակետ երկրների:
Ըստ ՄՀԽ-ի՝ միջազգային միգրացիայի կատարելագործված եւ իրավունքների վրա հիմնված կառավարման կարեւորագույն բաղադրիչներից են՝ օրինական միգրացիայի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծումը, միգրանտների շահագործման, չարաշահման եւ խտրականության դեմ ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ միգրացիան որպես զարգացման նոր համաշխարհային գործընկերության մաս կազմող իրողություն դիտարկելու պատրաստակամությունը:
Միգրացիայի եւ զարգացման վերաբերյալ իր առանձին դիրքորոշման հուշագրում ՄՀԽ-ն մի շարք գործնական հանձնարարականներ է ներկայացնում միջազգային Բարձրաստիճան երկխոսությանը՝ սահմանելով հստակ թիրախներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի չափագրել այն առանցքային հարցերի առաջխաղացումը, որոնք քննարկման առարկա դարձան ամբողջ աշխարհից ժամանած իրենց երկրներում որոշում կայացնողների երկօրյա հանդիպման շրջանակներում:
Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կբացի ՄՀԽ-ի կազմակերպած մեկ այլ առանձին միջոցառում, որտեղ Բարձրաստիճան երկխոսության մասնակիցների հետ կքննարկվեն խմբի աշխատանքը, առաջնահերթությունները եւ ապագա ուղղությունները:





























