Իսպանիայի առողջարանային Մարբելյա (Marbella) քաղաքի ավելի քան 50 գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ հոկտեմբերի 4-ին դատավճիռներ են կայացվել: Պետական պաշտոնյաները մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի եւ անշարժ գույքի խարդախությունների համար:

Ամենախիստ ու ծանր դատավճիռը կայացվել է քաղաքի պլանավորման բաժնի ղեկավար Խուան Անտոնիո Ռոկայի համար՝ 11 տարվա ազատազրկում եւ 240 միլիոն եվրոյի չափով տուգանք, «կոռուպցիայի ընդհանուր համակարգի», ինչպես նաեւ շինարարական կազմակերպություններից մի քանի հարյուր միլիոն եվրո կաշառք վերցնելու համար:

Գործի մյուս մասնակիցները, որոնց թվում են քաղաքի երկու նախկին քաղաքապետերը, մեղավոր են ճանաչվել Ռոկայից շինարարական տարածքների անօրինական տրամադրման համար կաշառք վերցնելու համար: Նրանց դատապարտել են վեց ամսից մինչեւ վեց տարվա ազատազրկման եւ տարբեր չափի տուգանքների:

Մարբելյա քաղաքում կոռուպցիոն սկանդալը սկսվել էր 2006 թվականից: Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն ցրել էր Մարբելյայի ղեկավարությունն ու նախաձեռնել պետական պաշտոնյաների ու գործարարների գործունեության աուդիտորական ստուգում: Ընդհանուր առմամբ մեղադրանք էր ներկայացվել 95 հոգու: Ավելի քան 40-ը, ի վերջո, անմեղ էին ճանաչվել:

Որոշ տվյալների համաձայն՝ կոռուպցիոն սխեմաների մասին տեղեկությունը ոստիկանությանը 2004թ.-ին փոխանցել էր մի գործարար, ով դժգոհ էր քաղաքային ադմինիստրացիայի պաշտոնյաներից մեկի հետ պոկեր խաղի արդյունքներից, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով BBC News-ին: