Սպառնացող «Ֆիտոու» թայֆունի հետեւանքով, որը պետք է ճապոնական կղզիների ափերին հասնի հոկտեմբերի 5-ին, Նահա քաղաքի օդանավակայանը չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային:

Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ թայֆունն այս պահին Նահայի օդանավակայանից մոտավորապես 200 կմ հարավ է գտնվում: Քամու արագությունը հասնում է 137 կմ/ժ-ի: Մասնագետները զգուշացնում են ուժեղ քամիների ու անձրեւների մասին, ինչպես նաեւ տորնադոյի առաջացման վտանգի մասին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Սպասվում է, որ հոկտեմբերի 6-ին «Ֆիտոուն» կհասնի Թայվան՝ անցնելով կղզու հյուսիսային հատվածով: Օդերեւութաբանները հաղորդում են, որ Թայբեյի մարզում ուժեղ անձրեւներ են սպասվում: Նախազգուշացում են հայտարարել նաեւ Չինաստանի իշխանությունները. թայֆունը երկրի հարավային ափերին կմոտենա հոկտեմբերի 6-ին:

Չինաստանի հարավարեւելյան հատվածին վրա հասած նախորդ հզոր «Ուսագի» թայֆունին զոհ էր գնացել 25 մարդ: Տեղահանվել էր ավելի քան 226 հազար մարդ, ավերածությունների էր ենթարկվել ավելի քան 7100 տուն: