Կարեւորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում եւ կարծիքներում առկա են անձնական ակնհայտ վիրավորանքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են Զարուհի Փոստանջյանի անձին, այլ ոչ թե բարձրացված հարցին կամ խնդրին: Այս մասին հայտնեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

«Գիտակցելով, որ իշխանության ներկայացուցչի գործունեության ստվերային կողմերի բացահայտմանն ուղղված հարցը բացարձակապես հաճելի չէ իշխանամետ կողմերին՝ ակնկալելի էր նաեւ այս բուռն արձագանքը, սակայն քննարկման առարկա է դարձել ոչ թե բարձրացված հարցը, այլ թե որտեղ եւ ում կողմից է այն տրվել: Ավելին՝ ԱԺ նախագահի կողմից արդեն սկսել են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից  Զ. Փոստանջյանին հանելուն ուղղված գործողությունները: Մենք գտնում ենք, որ Զ. Փոստանջյանն իրականացրել է իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, որը յուրաքանչյուր անձի իրավունքն է՝ անկախ պետական սահմանից՝ համաձայն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի: Զ. Փոստանջյանն իր հարցով որեւէ պետական գաղտնիք չի հրապարակել, որը կարող էր վտանգել Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության անվտանգությունը: Զ. Փոստանջյանի խոսքի եւ արտահայտման ազատության սահմանափակմանն ուղղված որեւէ գործողություն, սպառնալիքները նրա անձի նկատմամբ եւ այլ հնարավոր գործողությունները, որոնք կարող են կիրառվել, այդ թվում պատվիրակության կազմից հանելու վերջնական որոշման կայացումը, գնահատում ենք անընդունելի եւ հետապնդում ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ: Պաշտպանելով Զ. Փոտանջյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ դատապարտում ենք բոլոր ճնշումները, որոնք ուղղված կլինեն Զ. Փոստանջյանի այդ իրավունքի սահմանափակմանը եւ պահանջում ենք ապահովել Զարուհի Փոստանջյանի եւ նրա ընտանիքի անվտանգությունը: Պնդում ենք, որ այդ անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն կլինեն ՀՀ իշխանությունները, եթե չձեռնարկեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ»:

Այս հայտարարությանը միացել են մի շարք կազմակերպություններ, անհատներ, ցանկն՝ այստեղ.