ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի ստորին պալատին կոչ է արել ընդունել 2014թ. բյուջեն, որի բացակայությունը 800 հազար պետծառայողների համար ֆինանսական ճգնաժամի պատճառ է դարձել:

«Քվեարկեք, դադարեցրեք այս ֆարսը: Դադարեցրեք ֆինանսական անկումը», - շաբաթօրյա հեռուստաուղերձում հայտարարել է Օբաման, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը:

Նոր ֆինանսական տարվա բյուջեի հարցում փոխզիջման չհասնելու պատճառով 17 տարում առաջին անգամ դադարեցվել է պետական համակարգի ֆինանսավորումը: Շատ պետհաստատություններ երեքշաբթի օրվանից դադարեցրել են աշխատանքը: Հարկադիր պարապուրդի սպառնալիքի տակ են 800 հազար պետծառայողներ:

Տարաձայնությունների պատճառ է դարձել առողջապահական ոլորտի բարեփոխումը, որը Բարաք Օբամայի հիմնական նախաձեռնություններից է: Հանրապետականները պահանջում են չեղյալ հայտարարել կամ հետաձգել այն: Վերջին անգամ ԱՄՆ-ն նման վիճակում հայտնվել էր 17 տարի առաջ՝ Բիլ Քլինթոնի օրոք: Դրությունը պահպանվել էր 28 օր: