«Արեւելյան գործընկերության» ծրագիրը կշարունակվի, «Ինտերֆաքսի» հետ զրույցում  հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը:

Պատասխանելով հարցին, որ Վիլնյուսում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Ուկրաինայի եւ նախաստորագրում Վրաստանի ու Մոլդովայի հետ եւ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը դուրս են մնում ծրագրից, նա հավելել է, որ ծրագիրը հետագայում էլ կգործի: «Մասնակիցների ակտիվությունը տարբեր է: Շատ բան կախված է նրանց ցանկությունից: Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ են ցանկանում: Մնացած պետություններն ավելի զուսպ էին, իսկ ամենազուսպը Բելառուսն էր», - ասել է նա:

«Այդ ծրագրի բովանդակությունը մեծապես  կախված է նաեւ նրանից, թե այս կամ այն պետությունը որքան սերտ հարաբերություններ է ցանկանում հաստատել ԵՄ-ի հետ եւ որ բնագավառներում: Եվ, բնականաբար, ԵՄ-ի պատրաստակամությունից: Այնպես որ, Արեւելյան գործընկերության ծրագիրը հավանաբար կշարունակվի: Իսկ որ այդ վեց պետությունների նկրտումները տարբեր են, դա փաստ է», - ասել է նա:

Ըստ Պաետի՝ ԵՄ-ի հետ որոշ հետխորհրդային հանրապետությունների սերտացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: էստոնիայի արտգործնախարարը նշել է, որ «կոնֆլիկտի հիմքեր չի տեսնում, եթե Ուկրաինան ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրի»: Ըստ նրա՝  ««Արեւելյան գործընկերության» դեպքում կոնֆլիկտի թեման բավականին ուռճեցված է»:

«Արեւելյան գործընկերության ծրագիրը հակառուսական չէ, այն ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ որեւէ մեկի դեմ: խոսքը միայն ԵՄ-ի եւ այդ պետությունների  հետ սերտ համագործակցության մասին է, որը համապատասխանում է այդ երկրների, նրանց ընտրության շահերին», - ասել է Պաետը:

«Ես կցանկանայի, որպեսզի ազդեցության երկրաքաղաքական ոլորտները մնային 20-րդ դարում: 21-րդ դարում չի կարելի աշխարհին նայել առաջվա նման՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է», - ընդգծել է նա, հավելելով, որ «Վիլնյուսի հանդիպման եւ Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու շուրջ նյարդային վիճակը միանգամայն ավելորդ է»: