Փարիզ-Երեւան չվերթով Հաայստան վերադարձող «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հավաքվել են հարյուրից ավելի մարդիկ: Նրանք եկել են ծաղիկներով ու եռագույն փուչիկներով իրենց աջակցությունը հայտնելու պատգամավորին: Օդակայանում են, մասնավորապես, «Ժառանգության» երիտասարդ անդամները, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում Փոստանջյանի ուղղած հարցից հետո պատգամավորին քննադատողները, ովքեր նախապես հայտարարել էին, որ օդակայան են գնալու ձվերով ու պոմիդորներով, այս պահին օդակայանում չեն:
Օդակայանում են պատգամավորի աղջիկները, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, Վարդգես Գասպարին: Փոստանջյանի աղջիկը՝ Լուսինեն, լրագրողներին ասել է, որ հպարտ է այդպիսի մայր ունենալու համար:
Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել էր «Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին» խումբ, որը մի քանի հարյուր մասնակից է հավաքել: Նախաձեռնությանը միացել են գրողներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ:



































