Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին գովազդի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ եւ միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետին զեկուցել է արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաեւ, որ աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ: Աշխատանքների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ից եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար իրազեկել դրանց ընթացքի մասին:  

Մայրաքաղաքի կանաչապատման ծավալների ընդլայնմանն ուղղված ծրագրերի հետ կապված՝ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 1-ից մեկնարկող ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սահմանված սկզբունքի համաձայն՝  ծառատունկն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում:

«Երեւանի կանաչ գոտիների պահպանման եւ ընդլայնման նպատակով ամեն տարի շուրջ 20 կմ ոռոգման նոր ցանց է անցկացվում: Տարիներ շարունակ հենց ցանցի բացակայության պատճառով է ծառերի կպչողականությունը եղել ցածր: 2014 թվականի բյուջեում եւս նախատեսում ենք ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ: Ծառատունկ պետք է իրականացնել բոլոր այն տարածքներում, որոնք այսօր արդեն ապահովված են ոռոգման ցանցով: Պետք է նաեւ հետեւողական աշխատանք տանել  ծառերի կպչողականության բարձր ցուցանիշ ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել 2014 թվականին ծաղկային տարածքների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Մայրաքաղաքում շարունակվող փողոցների եւ բակային տարածքների փոսանորոգման եւ ճաքալցման աշխատանքներին անդրադառնալով՝ շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են  իրականացվել 65 փողոցում: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու դրանք կազմակերպել երեք հերթափոխով:

Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ շարունակվում է իրականացվել համապատասխան իրազեկում, սակայն երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մինչ օրս մասնակցության որեւէ հայտ չի ստացվել: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 9-ը, մինչեւ ժամը 18:00-ն:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ըստ վարչական շրջանների եւ ըստ ոլորտների կազմվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:

Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ գրադարանավարի օրվա կապակցությամբ, տոնին ընդառաջ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպվել է միջոցառում՝ մայրաքաղաքի բոլոր գրադարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորանքներ են փոխանցվել բոլոր գրադարանավարներին, իսկ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի եւ երկարամյա գործունեության համար որոշ գրադարանավարներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրով: