Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ոստիկանությունից պատժամիջոցներ չեն պահանջել Փակ շուկայում ապօրինի կառուցապատման հարցում: Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ներուժան Հակոբյանը՝ պատասխանելով Գարեգին Չուգասզյանի հարցերին:

Հենց ոստիկանությունը, պարզաբանել է նա, գործ չի հարուցել կառուցապատողի դեմ. «Դրա համար մենք պետք է ֆիքսեինք, որ հուշարձանը կանխամտածված կերպով է ոչնչացվում: Սակայն կառուցապատողի գործողություններում մենք նման բան չենք նկատել: Դա մեր եզրակացությունն է որպես իրավապահ մարմնի: Իսկ խախտվել են կառուցապատաման կանոնները, թե ոչ, մեր որոշելու խնդիր չէ: Դա քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության խնդիրն է»:

Սակայն չէ՞ որ շինարարությունը ընթացել է առանց թույլատրության, այն շարունակվել է անգամ տուգանքներից հետո: Նշանակում է, որ մշակնախարարությունն ու քաղաքապետարանը չե՞ն դիմել ոստիկանությանը՝ պատժելու օրինազանցին: Դահլիճից հնչած այս հարցին ոստիկանության ներկայացուցիչը պատասխանել է. «Նման հայտարարություններով վերոհիշյալ պետական մարմինները մեզ չեն դիմել»:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի մոտ ցույցերն անցկացվել են մոտ մեկ ամիս առաջ: Սակայն ինչպես այսօր հայտարարել է Գարեգին Չուգասզյանը, առաջիկայում դրանք կվերսկսվեն: