Ադրբեջանը միջազգային ատյանների ամբիոններից ստի հեղեղ է տարածում՝ հակահայկական եւ ռասիստական հռետորությամբ: Այս մասին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ընդհանուր բանավեճերի ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարել է այդ կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը:

«Ես ենթադրում եմ, որ ռազմավարությունն այսպիսին է. պատմել անհավատալի սուտ եւ այնքան կրկնել, որպեսզի վաղ թե ուշ, մարդիկ հավատան դրան: Ի՞նչ կարելի է սպասել մի երկրից, որի նախագահը բաց հայտարարում է, որ ողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են: Ես վստահ եմ, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այլատյացության դրսեւորում եւ դա օրենքով պատժելի է, առնվազն քաղաքակիրթ աշխարհում, որին ես պատկանում եմ եւ որը մենք այստեղ բոլորս ներկայացնում ենք»,-հայտարարել է Կաժոյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը հպարտանում է իր աստղաբաշխական ռազմական ծախսերով: «Ես կարծում եմ, որ աճող ռազմական բյուջեն այն չէ, որով կարելի է հպարտանալ, հատկապես, երբ աշխարհի մյուս երկրները մտածում են հազրամյակի զարգացման նպատակների մասին, եւ շատ երկրներ անհրաժեշտ միջոցներ չունեն: Բայց ոչ, Ադրբեջանի նախագահն այդ մասին  հպարտությամբ եւ բարձրաձայն հայտարարում է ողջ աշխարհում՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին սպառնալով պատերազմով».-ընդգծել է ՀՀ ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Ադրբեջանի առաջնորդները մի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման եւ երկխոսության կոչ են անում, միաժամանակ մեղադրելով ողջ աշխարհի հայերին եւ Հայաստանին, մյուս կողմից այդ երկրի նախագահը հայտարարում է. «Մենք երբեք Հայաստանին թույլ չենք տա միանալ որեւէ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային նախագծի: Մենք մեկուսացրել ենք նրանց եւ դա գաղտնիք չէ: Հետայսու մեր մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է եւ դա տալիս է իր պտուղները»:

Այդ համատեքստում Վահրամ Կաժոյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ խաղաղ բնակչության դեմ, ու թեեւ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրին, որը Ադրբեջանը ստորագրել է ԼՂ դե ֆակտո ղեկավարության հետ 1994-ին, դիպուկահարների կրակոցները ադրբեջանական կողմը շարունակում է:
Այդ կրակոցներին զոհ են գնում ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ: Միաժամանակ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշել դիպուկահարներին առաջին գծից: «Եթե փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ցանկությունն անկեղծ է, ապա նրանք պետք է պարզապես իրենց համաձայնությունը հայտնեն կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որոնք ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ադրբեջանակն կողմի խոսքի արդարացիությունը չափելու միակ չափանիշը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում նրանց մասնակցության արդյունքներն են, նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթերին հետեւելը, որոնք ընդունվել են ԵԱՀԿ գագաթաժողովների շրջանակներում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունները, որոնք ընդունվել են G8-ի եւ G20-ի շրջանակներում:

Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է այդ փաստաթղթերին: Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումները ԼՂ հարցում համընկնում են: Եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանը ականջալուր լինի աշխարհի ձայնին՝ ՄԱԿ-ի ձայնին»,-ընդգծել է Վահրամ Կաժոյանը:
Նրա խոսքով՝ ծանոթանալով Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններին, կարելի է գալ միակ ակնհայտ եզրակացության, որ դա պետություն է, որտեղ ծաղկում են ռասիզմն ու այլատյացությունը: Դրա վերջին արտահայտությունը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, Ալիեւի հայտարարությունն է, որը հերթական անգամ խոսել է հայկական տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին:

«Թույլ տվեք ինձ ուղղակի հարգարժան Ասամբլեային պարզաբանել, որ Ալիեւի նշած  բոլոր աշխարհագրական անվանումները ադրբեջանցիների կողմից աղավաղված  հայկական անվանումներ են, իսկ «Էրիվանը» Երեւան քաղաքն է՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, երկիր, որը հպարտ հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ պետություն:

Ի՞նչ է սա, եթե ոչ ագրեսիվ ռազմականացված այլատյացության դրսեւորում: Արդյո՞ք դա են սպասում աշխարհում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամից: Վաղը Ադրբեջանի պատվիրակությունը ՄԱԿ-ի անդամների համար հոտեմբեր ամսում Անվտանգության խորհրդի աշխատանքների վերաբերյալ ճեպազրույց կանցկացնի, իսկ հոկտեմբերին Ադրբեջանը նախագահելու է Խորհրդում, եւ ես համոզված եմ, որ խոսելու են խաղաղության կարեւորության մասին: Սակայն չեմ կարծում որ որեւէ գիտակից մարդ կհավատա այդ խոսքերին: Հնարավոր չէ մի կողմից կոչ անել հարեւան երկրի ու ժողովրդի դեմ պատերազմի եւ միաժամանակ խաղաղություն քարոզել: Ավելի շատ նման է գառան դիմակով գայլի… Ես չեմ հավատում այդ քարոզին ու չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է հավատա»,- եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչը: