Էջմիածինն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տոնում է իր 2698-ամյակը: Առավոտյան ՀՀԿ խմբակցության պատգամավորներ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, հոգեւորականներ ծաղիկներ դրեցին ազատամարտիկների հուշարձանին, որի վրա ազատամարտիկների նամակներից տողեր են փորագրված:

Քաղաքի տոնին նվիրված միջոցառումները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում: Այս պահին դրսում ներկայացում է բեմադրվում, թե ինչպես են Մոսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը քաղաք բերում հայոց  գրերը:

Նշենք, որ քաղաքի տոնակատարություններին մասնակցելու համար Էջմիածնում են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Լեւոն Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի տոնին 15 կետից բաղկացած ծրագրեր են նախատեսված, իսկ քաղաքի տոնի համար հիմք են ընդունել մ.թ.ա.  685 թվականին Ռուսա Երկրորդ արքայի արձանագրությունը, որտեղ քաղաքը ներկայացված է որպես բնակավայր:

«Սակայն քաղաքն ավելի հին է` 5 հազար տարի եւ ավելին: Հոկտեմբերի 8-ին փորձել ենք ավանդույթը վերականգնել, երբ  հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցը  տառերը մեր քաղաք բերեց, ում դիմավորեցին Սահակ Պարթեւը, Վռամշապուհ արքան եւ արքայի հրամանով երեք օր քաղաքում տոնակատարություն կատարվեց որպես մեծ իրադարձություն: Արդեն 5 տարի է՝ այդ ավանդույթը պահպանում եւ շարունակում ենք»,- նշել էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Նա անդրադարձել էր նաեւ քաղաքի նախկին անուններին, որոնց թվում եղել են Արտիմեդը, Կուառլեինին, Վարդեսավանը, Վաղարշապատը, Կայանպոլիսը, Ոտաստակը եւ երկու անգամ Էջմիածինը: Քաղաքը ունի նաեւ  կարգախոսներ, որոնց թվում են. «Դարը քեզ համար ակնթարթ է, հազարամյա Էջմիածին», «Էջմիածինցի լինելը բարձր պատիվ է եւ կոչում»:

Քաղաքի տոնին ընդառաջ պատրաստվել են նաեւ կրծքանշաններ, շապիկներ եւ շարֆեր: