Երբ երկրում դադարում է լուրջ ընդդիմություն գոյություն ունենալ, երկիրը ծանր վիճակում է հայտնվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում նշեց վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը՝ նկատելով, որ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ հայտնի քվեարկությունից հետոր, երբ դեմ էր քվեարկել միայն երեք պատգամավոր, հասարակությունը շատ հարցերի պատասխան ստացավ:
«Գեւորգ Կոստանյանի քվեարկությունից ավելի ծանր դեպք պատկերացնել հնարավոր չէ: Ես շատ նորմալ կգնահատեի, եթե որոշում կայացվեր, ասեին՝ կողմ են թեկնածուին, կողմ ենք քվեարկում, բայց երբ հայտարարում են, որ դեմ են, յուրաքանչյուրը մտածում է, որ ինչ-որ «դեմ»-եր կլինեն եւ չի երեւա՝ ինքը ոնց է քվեարկել. դա մի քիչ անլուրջ է: Մարդիկ քաղաքականության մեջ պետք է բաց լինեն»,- ընդգծեց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, որոնցից դեմ են եղել միայն 3-ը:
Սա լուրջ աժիոտաժ է առաջ բերել ընդդիմադիր ուժերի շրջանում, քանի որ 7 պատգամավոր ունեցող ՀԱԿ եւ 5 պատգամավոր ունեցող «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, սակայն փաստացի դեմերը 3-ն են եղել, եւս 2 պատգամավորի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ «ժառանգություն» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք պնդում են, որ դեմ են քվեարկել: ՀԱԿ-ից քվեարկությանը մասնակցել են Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ-ում նույնպես պնդում են, որ իրենց բոլորը դեմ են քվեարկել (Հրանտ Բագրատյանը հրաժարվել է հայտարարել, թե ինչպես է քվեարկել):
Քվեարկությանը չեն մասնակցել «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը:





























