Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը այս շաբաթ նիստ կանի ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ նիստը կսկսվի ժամը 18.00-ին:  ՀՀԿ ԳՄ նիստի «ավանդական օրվա» փոխոխությունը, փոխնախագահի խոսքով,  պայմանավորված է աշխատանքային գրաֆիկով, նախագահի զբաղվածությամբ:  «Երբ նպատակահարմար է, այն ժամանակ էլ հրավիրվում ենք նիստ»,- նշեց նա:

ՀՀԿ ԳՄ նիստին, ինչպես միշտ, կքննարկվեն ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Ռուբեն Թադեւոսյանը չգիտի՝  Արարատի մարզպետի անունը հայտնի կդառնա նիստին, թե ոչ, «եթե եղավ, տեղյակ կպահենք»: Ինչ վերաբերում է Արտաշատի քաղաքապետի թեկնածուին, ապա, ՀՀԿ-ականի փոխանցմամբ, մինչեւ հոկտեմբերի 16-ը իրենք ժամանակ ունեն քննարկելու այդ հարցը:

Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նրան կփոխարինի ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված, գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը: