Երեխաները հիվանդանոցում են հայտնվել այն բանից հետո, երբ Նովոսիսոյեւկա գյուղի դպրոցներից մեկում նրանց վրա Մանտա պատվաստանյութն են փորձել:
« Նովոսիսոյեւկա գյուղի № 1 դպրոցում պատվաստումը կատարել են մարզի կենտրոնական հիվանդանոցի մանկաբույժը եւ բուժքույրը: Նման գործողությունների դեպքում ծնողների անհրաժեշտ թույլտվությունը նրանք չեն ունեցել»,– մեկնաբանել է Պրիմորյեի երկրամասի դատախազության ներկայացուցիչ Ելենա Տելեգինան:
««Տուբերկուլին» դեղորայքը ներարկվել է 45 աշակերտի: Նախնական պատվաստումից հետո երկու աշակերտ գանգատվել են վատ ինքնազգացողությունից եւ հոկտեմբերի 8-ին տեղափոխվել հիվանդանոց՝ միջին ծանրության վիճակում: Շուտով հիվանդանոց է տեղափոխվել եւս 30 աշակերտ»,– հավելել է Տելեգինան:
Հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտները բողոքել են գլխացավից, ներարկման տեղում կարմրությունից եւ այտուցվածությունից: Ըստ ծնողների՝ երեխաների զգացողությունը վատացել է հենց իրենց աչքի առաջ, հայտնում է Lifenews.ru-ն:
Այժմ հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը կայուն է:





























