Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախօրեին տեղի ունեցած ընտրությունները համարում է լիովին ապօրինի, քանի որ քվեարկության ընթացքում կոպտագույն խախտումներ եւ կեղծիքներ են տեղի ունեցել:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցում, ընդդիմադիրը ներկայիս նախագահին մեղադրել է իշխանությունը զավթելու մեջ՝ դա կոչելով սեփական ազգի դեմ ծանրագույն հանցագործություն: Նա նշել է, որ կեղծարարությունն այնքան զանգվածային բնույթ է կրում, որ անհնար է պարզել ժողովրդի կամքը: Նա նաեւ պահանջել է չեղյալ համարել ընտրության արդյունքները: Հասանլին ընդգծել է նաեւ հետագայում Բաքվում հանրահավաքների եւ բողոքի ակցիաների շարունակականության կարեւորությունը: Ընդդիմադիրը հավելել է, որ իր թիմը պայքարելու է մինչեւ վերջ:
Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ Իլհամ Ալիեւը հավաքել է 85 տոկոս, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին՝ 5,54:





























