Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանն այժմ իրեն լավ է զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է, աշխատում է, «ինչ գործ գտնում է, անում է՝ սկսած շինարարությունից վերջացրած առեւտրով, բայց այլեւս գազով փուչիկներ չի վաճառում»: «Ինձ դեռ չեն նեղացնում, ես էլ խելոք յոլա եմ գնում: Ապրում ենք էլի, երեխեքը մեծանում են, մեզ թիկունք են կանգնում, Աստված մի լույս կբացի է»,- ասաց նա:
Նա չի կարողացել վճարել վիրահատության գումարը, բայց կարծում է, որ իր փոխարեն ինչ-որ բարեգործներ վճարած կլինեն, քանի որ հիվանդանոցից իրեն չեն զանգել, չեն անհանգստացրել:
Պայմանական ազատության մեջ գտնվող Բոզոյանը նշեց, որ 7-10 օրը մեկ գնում է, ստորագրում է, պատմում է՝ ինչ է արել այդ օրերի ընթացքում: «Գնացի էսօր, իմ անունը չկար համաներվողների մեջ, հա, ինչ անենք, ոչինչ, խնդիր չկա, ասացի՝ Աստված ով ավելի նեղն է, թող նրանց հասնի, ես ոչինչ»,-ասաց Սերոբ Բոզոյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ական համերգի ժամանակ փուչիկների պայթյունի եւ շուրջ երկու հարյուր երիտասարդների այրվածքներ հասցնելու համար մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վրա տարածվում է համաներման մասին ԱԺ որոշումը։
Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Այս մասին երեկ մեզ հայտնեց Բոզոյանի փաստաբանը՝ Կարեն Մանուչարյանը։
Հիշեցնենք, Բոզոյանը «Փուչիկների» գործով մեղավոր ճանաչված միակ մեղադրյալն է։ Առողջական խնդիրների պատճառով նա երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։ Մեր հարցին, թե ինչպես է նրա առողջական վիճակը, փաստաբանն ասաց. «Ես նրան մի անգամ վերջերս տեսել եմ փողոցում, հիվանդ տեսք ուներ, թեեւ ինձ ասաց, որ լավ է»»,- մեջբերում է «Չորրորդ իշխանությունը»:





























