NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի երկու տարբեր գյուղերում հոկտեմբերի 9-ին արձանագրված ինքնասպանության դեպքերի մասին:
Այսպես, Լիճք ի գյուղապետ Գնել Գրիգորյանն ասաց, որ ձեղնահարկում՝ կախված վիճակում հայտնաբերված 31-ամյա Ռուբիկը, ամոսնացած է, երեխան նոր է ծնվել, 40 օրական է: Նա գտնվում էր Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի մեջ, վերջերս էր վերադարձել երեխայի ծնվելու առթիվ: Գյուղում բոլորը զարմացած են երիտասարդի՝ ինքնասպանության լուրից, քանի որ նա նորմալ, հարգված ընտանիքից է, երբեւէ չեն լսել, որ խնդիրներ ունենար, հանելուկ է, թե ինչն է հայ դարձած տղամարդուն դրդել այդ քայլին:
Ինչ վերաբերում է Արծվանիստում գրանցված ինքնասպանության դեպքին, Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանն ասաց, որ մահացողը 57-ամնյա Սուսաննա Ե-ն է, վերջինս ամուսնացած չէ, ապրում էր եղբոր ընտանիքի հետ:
Գյուղապետը պատմեց, որ կինը 20 օր առաջ եղբոր ընտանիքին ճանապարհել է Ռուսաստան, որտեղ գտնվում է եղբայրը: Դրանից հետո համագյուղացիների հետ զրույցներում ասել էր, թե վախենում է այդ տանից, նա միայնակ էր մնացել: Դեպքից առաջ նա գնացել է կենդանիներին կերակրել, այնուհետեւ վերջ տվել իր կյանքին: Գյուղապետը հայտնեց, որ Սուսաննան հաշմանդամություն ունի ոտքերի հետ կապված, հնարավոր է նաեւ հոգեկան խնդիրներ ունեցած լինի: Այժմ նրա եղբոր ընտանիքը Ռուսաստանից վերադառնում է:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 9-ին, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն երկու դեպք է տեղի ունեցել: Մարզի Լիճք գյուղի 31-ամյա բնակչին առավոտյան հայտնաբերել են ձեղնահարկում՝ կախված վիճակում: Երիտասարդի ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում եւս պատճառը չեն հայտնել, միայն հաստատել են տեղի ունեցածը եւ նշել, որ կատարվում է քննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի ուշ տեղեկացանք, որ նույն մարզի մեկ այլ գյուղում՝ Արծվանիստում, նույն օրը գերանից կախված են գտել նաեւ մի միջին տարիքի կնոջ:




























