Մալաթիա-Սեբաստիա համայնքի  բնակիչ 55-ամյա Հրաչիկ Հովհաննիսյանը ծեծել է կնոջը, ապա այրել նրա դաստակը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 55-ամյա Հրաչիկ Հովհաննիսյանը մեղադրվում է նրանում, որ  Երեւան քաղաքի Տիչինա 1-ին նրբանցքի իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով նախկին կնոջ՝ Ա. Գրիգորյանի հետ, ծեծի է ենթարկել նրան: Նա նաեւ չպարզված գործիքով այրել է վերջինիս ձախ դաստակը՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: