Հայաստանի նկարիչների միությունում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած մրցանակաբաշխությանը ներկայացված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Կայացել է նաեւ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը եւ Արամ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է ցուցահանդեսին սփյուռքահայ նկարիչների մասնակցությունը: Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական մրցանակաբաշխությունների կազմակերպման գործում արդյունավետ համագործակցության համար:

Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 300 ստեղծագործություն: Ցուցահանդեսի արդյունքների ամփոփման նպատակով ստեղծված հանձնաժողովը կորոշի լավագույններին: Սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի այդ նպատակով ստեղծված ֆոնդին: 

Ներկաները շրջել են ցուցասրահում, ծանոթացել նկարիչների ստեղծագործություններին: