Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է վարչապետի ներկայացրած օրինագիծը, որով հնարավորություն է տրվում Թուրքիայի զինված ուժերին Հյուսիսային Իրաքի տարածքում գործողություններ իրականացնել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում գտնվող 4 կուսակցություններից 3-ը՝ «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները կողմ են քվեարկել Հյուսիսային Իրաքի տարածքում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից գործողություններ իրականացնելու լիազորությունները մեկ տարով երկարացնելու օրինագծին։

Արդեն 6-րդ անգամ երկարացվող օրինագծին դեմ է քվեարկել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։

Նշենք, որ հիշյալ օրինագիծն ուղղված է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի զինյալների դեմ։