Կապանի բնակչուհի, 31-ամյա Մանե Մովսիսյանը մեղադրվում է  պետական դավաճանության մեջ:  

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ըստ նրան առաջադրված մեղադրանքի` նա, 2012թ. հունվարի 8-ին, համացանցի ծրագրով ծանոթանալով «Տիգրան Դերվիշյան» տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:

Մանե Մովսիսյանն, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաեւ ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես` այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները,  որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:  

Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասով՝ պետական դավաճանությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝  նախնական կալանքը  նա  կրում է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան»  ՔԿՀ-ում:    Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:   Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 18-ին: