Երեւանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել, եթե իշխանությունները մինչեւ երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Անահիտ Գեղամյանը գործավարական ձեռնարկության ղեկավար է, որը աշխատում է վերջերս Դավթաշեն տեղափոխված Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հարեւանությամբ։

 Կինը երեկ մեզ պատմեց, որ գործավարությունը բացելու հենց աոաջին օրվանից սեպտեմբերի 26-ից, իրեն են այցելում թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաեւ անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում եւ ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել, իսկ եթե ցանկանում է մնալ եւ աշխատել այդտեղ, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի եւ դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցածի վերաբերյալ կինը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին, երեք օր առաջ էլ դիմումներ է գրել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ Վլադիմիր Գասպարյանին։

«Եթե մինչեւ երկուշաբթի օրը նրանցից որեւէ արձագանք, պատասխան չլինի, եթե այդ մարդիկ շարունակեն մեզ հետապնդել եւ սպառնալ, մեկ րոպե անգամ չկասկածեք, որ ես հրկիզվելու եմ, որովհետեւ այսպես հնարավոր չէ շարունակել»,-երեկ մեզ ասաց Անահիտ Գեղամյանը»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):