«Հայ-հունական պետական քոլեջի բակում պայթյունը որոտացել է աղբը այրելու հետեւանքով, որեւէ վտանգավոր բան չկա»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:

Նա նշեց, որ տարածքում շինարարություն են անում, հնարավոր է աղբի մեջ եղել է քիմիական լուծիչ, ինչն էլ պայթյունի պատճառ կարող էր դառնալ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է նաեւ, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ երկու մեքենա է վնասվել, ապակիններ են կոտրվել: Տարածքում այժմ գտնվում են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր զննում են տարածքը:

Միջադեպի հետեւանքով շենքում գտնվող անձինք՝ ուսանողներ, դասախոսներ, տարհանվել են, այժմ էլ նրանք գտնվում են բակում: Տնօրենը նրանց հորդորել է տուն գնալ, այսօր դասեր չեն լինելու:

Պայթյունի հետեւանքով տուժած աշխատակցի վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Երեւան» բ/կ-ից: Բժիշկների փոխանցմամբ՝  նա մանր վերքեր ունի դեմքի, ձեռքերի, ոտքերի հատվածում, առաջին բուժօգնություն կստանա եւ դուրս կգրվի հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝  «Հայ-հունական պետական» քոլեջի բակում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 9.20-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել: Տուժել է բակի աշխատակիցներից  62-ամյա  մի տղամարդ՝ Կնյազ անունով: Նրան տեղափոխել են «Երեւան» բ/կ: