«Էրեբունի-Երեւան 2795» տոնական միջոցառումները վարչական շրջաններում շարունակվում են: «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգում անցկացված «Երեւան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում վարչական շրջանի ստեղծագործական եւ մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Արգիշտի արքայից մինչեւ մեր օրերը: Պատանի երեւանցիները ներկայացրել են նաեւ մեր մայրաքաղաքի ապագայի իրենց պատկերացումները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տոնական մեկ այլ միջոցառում էլ կազմակերպվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսուցիչները, հանրահայտ կոմպոզիտորների՝ մայրաքաղաքին նվիրված ստեղծագործությունների կատարմամբ, ինքնատիպ համերգով շնորհավորել են Երեւանի տոնը: