Տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները ՄԻՊ-ին բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ:

«Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:

Երեւանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:

Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ  Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք   հրապարակումներ: Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երեւանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով: Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:

Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երեւանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին եւ փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաեւ այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել եւս նման արատավոր երեւույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման եւ բացահայատման ուղղությամբ:

Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի եւ արժեքների վրա: Այսպես, դեռեւս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները եւ թե´ հանրության բարոյականությունը»,- ասվում է հայտարարության մեջ: