Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի հրավերով աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՀՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման նպատակը Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն  ՀՀ անդամակցության շրջանակում  մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է:

Այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում դեղորայքի ոլորտում բացահայտված մի շարք խնդիրներ, որոնք, հնարավոր է, որ առկա լինեն նաեւ Հայաստանում: Բավականին տարածված է այն երեւույթը, երբ բժիշկները հիվանդներին նշանակում են կոնկրետ անվանումով դեղեր եւ ուղղորդում են գնալ կոնկրետ դեղատուն: Օրինակ ՌԴ մրցակցային մարմինը պարզել է, որ այս երեւույթը ունի մասսայական բնույթ եւ դրա արդյունքում բժիշկները դեղատներից կամ դեղ իրացնողներից ստանում են որոշակի պարգեւատրումներ:

ՌԴ մրցակցային մարմնի ղեկավար Ի. Արտեմեւը ներկայացրել է նաեւ, որ կան այնպիսի երեւույթներ, երբ բժիշկները հիվանդներին ուղղորդում են որոշակի հիվանդանոցներ՝ անցնելու այս կամ այն հետազոտությունը: Այս դեպքում եւս վերջինները որոշակի տոկոս են ստանում` յուրաքանչյուր հիվանդի վճարած գումարից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ դեղորայքի ոլորտի այլ մրցակցային խնդիրներ եւս: Օրինակ ՌԴ-ում «Բրոնխոմեդ» դեղի գովազդի ժամանակ  նշվել է, որ չունի հակացուցումներ, սակայն այն իրականությանը չի համապատասխանում, կամ մեկ այլ՝ «Լիսոբակտ» դեղի գովազդում նշվել է, որ այն նախատեսված է մեծահասակների եւ երեխաների արագ բուժման համար, սակայն այդ դեղը հակացուցված է մինչեւ 3 տարեկան երեխաներին: 

Չի բացառվում, որ նման երեւույթներ կարող են լինել նաեւ Հայաստանում, այդ իսկ պատճառով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն կիրականացնի այս ոլորտում, պարզելու, արդյոք առկա են նմանատիպ պայմանավորվածություններ բուժհաստատությունների բժիշկների եւ դեղատների, կամ բժիշկների եւ տարբեր հետազոտություններ իրականացնող լաբորատոր եւ ախտորոշիչ կենտրոնների միջեւ:  

Հանդիպման ընթացքում 2 երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են նաեւ ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հանդիսանում է  ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, իսկ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար` Իգոր Արտեմեւը  Խորհրդի նախագահն է: