Հայաստանի հասարակական կազմակերպություններն իրենց դժգոհությունն են հայտնել Երեւանում ավտոկայանատեղիների տուրքերի կապակցությամբ:
Բաց նամակում ասվում է.
«Մենք` ներքոստորագրյալներս, սույնով անդրադառնում ենք Երեւան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երեւանում ավտոկայանատեղի տուրքի վճարման եւ դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձեւերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման (այսուհետ՝ Երեւանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը: Մեր կարծիքով Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման եւ իրականացման հետ կապված իրավական ակտերն ու Երեւանի քաղաքապետարանի ու ծառայությունը մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա ընդունված կարգերը հակասում են ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պարտավորություններին: Նշված որոշումն ինչպես չի բխում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, այնպես էլ առաջացնում է սոցիալական եւ տնտեսական բազմաթիվ խնդիրներ:
1. Եվ օրենքով, եւ Երեւանի ավագանու վիճելի որոշման համաձայն, խախտման, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություններ կազմելը, դրանք ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ուղարկելը վերապահված է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը: Փաստորեն մասնավոր ընկերությանը տրվել է ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով պետական, տեղական մարմիններին, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությանը վերապահված լիազորություններն ու գործառույթները:
2. Խախտումները վերահսկելու նպատակով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը քաղաքապետարանին է ներկայացնելու խախտում կատարած ավտոմեքենաների տեսաձայնագրված տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը տուգանք է կիրառելու: Դրանով խախտվում է ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
3. Վճարովի ավտոկայանատեղիներում չեն սահմանվել հատուկ տեղեր հաշմանդամություն ունեցող վարորդների համար, որը փաստացի խախտում է Հաշմանդամների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի 9-րդ հոդվածը:
Մեր կողմից արձանագրվել են նաեւ հետեւյալ թերությունները եւ բացթողումները, որոնք էականորեն ազդում են որոշման կիրարկման արդյունավետության վրա.
4. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 6-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության պարզաբանմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Beeline-ի բաժանորդները կարող են գնալ համապատասխանաբար ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր եւ ստանալ իրենց անդորրագրերը, իսկ Օրանժ Արմենիա-ի հետ ներկայումս բանակցություններ են վարվում նմամ մեխանիզմ ապահովելու համար: Մեր կարծիքով, վարորդը չպետք է ավելորդ ժամանակ ու ծախս կատարի այդ անդորրագիրը ձեռք բերելու համար ավտոկայանատեղից օգտվելու նպատակով յուրաքանչյուր անգամ այցելի ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր, որտեղհերթերն անխուսափելի են:
5. Վճարման նախատեսվող ձեւն առաջին հերթին հարվածում է փոքր ու միջին բիզնեսին (խանութներ, առեւտրի այլ օբյեկտներ), որոնց աշխատակիցներից շատերն աշխատանքի են գալիս իրենց սեփական ավտոմեքենաներով եւ/կամ առաքումներ են իրականացնում, նրանք ստիպված են լինելու օրը 500 դրամ կամ տարեկան 12.000 դրամ միանվագ վճարել ավտոկայանատեղիի համար, ինչը արհեստականորեն կհանգեցնի այդ ծառայությունների եւ սպասարկման (առաքման) գների անհիմն բարձրացման:
6. Երեւանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման մեջ ավտոկայանատեղի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանված են բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների եւ ավտոկայանատեղիների համար առանց տարբերակման մոտեցման: Երեւանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշումը չի բխում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջներից, ըստ որի՝ Երեւանի ավագանին պետք է սահմաներ տեղական տուրքի դրույքաչափեր՝ ըստ կայանատեղերի եւ ըստ տրանսպորտային միջոցի տեսակների (օրինակ՝ մարդատար եւ բեռնատար մեքենաների համար):
7. Երեւանում ավտոկայանատեղի տուրքի վճարման նոր կարգը տարբերակում չի մտցնում կայանատեղի տարածքում բնակվող եւ տարածքում ժամանակավոր գտնվող վարորդների միջեւ, որի արդյունքում տարածքի բնակիչները չեն կարող իրենց ավտոմեքենաները կայանել իրենց շենքի առջեւ, իսկկայանելիս ստիպված են վճարել: Ողջամիտ չէ նաեւ աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին նույն մոտեցումներ որդեգրելըը:
8. Ոչ Երեւանի քաղաքապետարանի, ոչ ծառայություն մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից ըստ էության ծառայություն չի մատուցվում վարորդների համար: Միայն փողոցներում կարմիր գույնով գետնանշեումներն ու տեսախցիկների տեղադրումը ծառայության մատուցում չի կարող համարվել: Բացի այդ, ընկերությունը որեւէ պարտավորություն չի ստանձնել ստացվելիք եկամուտների մի մասը դարձյալ տրանսպորտային համակարգի բարեկարգման մեջ ներդնելու համար:
9. Ցանկացած տեսակի վճարի ձեւավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնարժեքի հաշվարկը, սակայն Երեւանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշմամբ պարզ չէ, թե ինչ սկզբունքով եւ ինչ հիմնավորմամբ են սահմանվել տեղական տուրքի դրույքաչափերը: Հաշվարկված չէ, թե որոշումների կիրարկումն ինչպես կազդի տրանսպորտային հոսքերի խտության եւ թողունակության վրա:
10. Խնդրո առարկա որոշումներն ընդունվել են առանց հանրային քննարկումների, թեեւ դրանք ուղղակիորեն շոշափում էին հանրության շահերը:
Հաշվի առնելով, որ վերը նշված խնդիրները կարգավորված չեն, դեռեւս վաղ է Երեւանում վճարովի ավտոկայանատեղի տուրքի վճարման եւ դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման նոր ձեւ սահմանել ու հապճեպ կիրառել: Առավել եւս, որ մասնավոր ընկերությունը չի կարող տնօրինել հարկատուներիս հաշվին պահպանվող հանրային տարածքն օգտագործելու համար գանձվող որեւէ գումար եւ քաղաքային ճանապարհներին ավտոկայանատեղի տեղակայելու արդյունքում վարորդներից գանձվող ամբողջ գումարը պետք է մտնի Երեւան համայնքի բյուջե:
Ներկա իրավիճակում Երեւանի քաղաքապետարանի ու մասնավոր ընկերության հանրության գործառույթները դիտվում են ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող եւ ապօրինի, ուստի պահանջում ենք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով անհապաղ դադարացնել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ընդունված Երեւան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երեւանում ավտոկայանատեղի տուրքի վճարման եւ դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձեւերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման գործողությունը»:
Հայտարարությունը ստորագրել են՝
«Կանաչաստան» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
«Քաղաքացիական ֆորում» ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
APR Group («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ)





























