«Ես բացի օդ շնչելուց և հեռախոսով խաղ խաղալուց ուրիշ ոչ մի գործողություն չեմ արել: Մեքենայի մեջ օդ շնչելու համար է՞լ պիտի մեղադրանք առաջադրվի», - հոկտեմբերի 11-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում խոտի դեզի ծխահարման գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց մեղադրյալ Գագիկ Առաքելյանը։
Արամ Մուղալյանն ու Ռոբերտ Փիլոյանը, որոնք հինգ տարվա ընկերներ են, պատմեցին Արմավիր կատարած երկու այցելությունների մասին, որոնց նպատակը, նրանց խոսքով, Սարդարապատ հուշահամալիրը տեսնելն էր։ Արամի մեքենայով են գնացել, հենց Արամն էլ վարել է: Մարտի 29-ին նրանց հետ է եղել Գագիկ Առաքելյանը, որը Ռոբերտի ընտանիքում թիկնապահ է աշխատել այդ ժամանակ: Գագիկը ցուցմունք տալիս ասաց, որ ամբողջ ընթացքում մեքենայից չի իջել: Դրսում մութ է եղել և իրեն անգամ թվացել է, թե իրենք Էջմիածին են գնացել: Գագիկի ասելով՝ ինքը Արմավիրում մինչեւ դեպքի օրը երբեք չի եղել, իր դեմ ներկայացված մեղադրանքն էլ աբսուրդ է: Բոլոր մեղադրյալները պնդում էին, որ ոչ մի կապ չունեն տուժող Սիաբանդ Խուդոյանի հետ և ոչ մի խոտի դեզ չեն ծխահարել:
Գործով մյուս մեղադրյալ Արթուր Քլյանը հրաժարվեց որևէ ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ։ Դատարանը հրապարակեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքը, որից հետագայում Արթուրը հրաժարվել է: Փաստաբան Մկրտիչ Դավթյանը առարկեց բացատրությունը որպես ապացույց դիտելուն, սակայն դատավորը հայտարարեց, որ պետք է հետազոտել բացատրությունը` հասկանալու համար՝ այն կարո՞ղ է լինել ապացույց, թե ոչ. «Երբ բացատրությունը կհրապարակվի, կհետազոտվի, ապացույց կդիտեմ, դուք այդ դատական ակտի դեմ բողոք բերեք, անթույլատրելի ապացույց դիտեք»,- պատասխանեց դատավոր Վահե Խալաթյանը:
Փաստաբան Մկրտիչ Դավթյանը նշեց, որ քրեական խախտում է եղել. «Այն ժամանակ դեռ որպես կասկածյալ ձերբակալված տղաներին բերել են քննիչի սենյակ, առանց ճանաչման կարգը սահմանող օրենքի պահանջի տուժողին ևս բերել են քննիչի սենյակ, ասել են՝ էս իրա՞նք են, որ քո խոտի դեզն ուզեցել են այրել: Դրանից հետո նա ասում էր` ես իրանց ճանաչում եմ: Նախաքննության մարմինը օրենքի շրջանակում չի կատարել ճանաչման, փորձաքննությունների նշանակման առումով իր գործողությունները: Քրեական գործը կազմվել է քրեական դատավարության օրենքների կոպիտ խախտումների հիման վրա, որի արդյունքում ոչ միայն առաջադրվել է անհիմն մեղադրանք, այլև հետագայում լրացվել է այդ մեղադրանքը»:
Փաստաբանների խոսքով՝ տղաներից բռնությամբ խոստովանական ցուցմունք կորզելու փորձ է արվել: Պաշտպան Մկրտիչ Դավթյանը, ապացույց բերելով Ռոբերտ Փիլոյանի ստացած մարմնական վնասվածքները, փաստեց, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը Ռոբերտի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ է արել, որպեսզի նա գրի այն, ինչ ինքը ցանկանում է: Մեղադրյալ Գագիկ Առաքելյանը նույնպես բողոքեց նախաքննության խախտումներով ընթացքից. «10 անգամ ցուցմունք եմ տվել: Անգամ գիշերվա 3-ին: 10 անգամ գրել են տալիս, որ ինչ-որ բան սխալվես»:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 14-ը, ժամը 14:00-ն:
Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանն ավելի քան չորս ամիս է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Նա մեղադրվում է իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից մեկի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում տղաները կարող են դատապարտվել մինչև 5 տարի ազատազրկման:





























