Ծխելը պայմանավորված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական կախվածությամբ, ընդ որում, հոգեբանական կախվածությունը գերակշռում է: Այդ մասին հոկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի Պետական Մանկավարժական Համալսարանի հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նշենք, որ հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է:
«Եթե մարդն իմանա, որ թոքերի ինչ-որ լուրջ հիվանդություն ունի, անմիջապես կթողնի ծխելը: Որոշ տրամաբանական վերլուծություններից հետո ծխախոտն ինքնին իրեն տհաճ կդառնա»,- նշել է հոգեբանը՝ ընդգծելով, որ ծխախոտից ստացած հաճույքն ընդամենը ներշնչանք է, իրականում այն ոչ մի հաճույք չի պատճառում: Սամվել Խուդոյանի համոզմամբ՝ հոգեբանական գործոնը էական դեր է խաղում ծխախոտից հրաժարվելու գործում: «Այդ ամենն ինքնախաբեություն է, պետք է ուղղակի հրաժաարբել սովորական ինքնախաբեությունից: Հաջորդ գործոնը, որն ազդում է ծխողների վրա, դա սովորությունն է, ռեֆլեքսը, որը պահանջարկ է ծնում»,- հայտարարել է հոգեբանը:
Անդրադառնալով ծխելը թողնելու խորհուրդներին՝ նա ընգծել է. «Պետք է ամեն տեսակ վատ երեւույթները կապել ծխելու հետ: Ներշնշումը շատ է օգնում հրաժարվել ծխախոտից»: Սամվել Խուդոյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ծխախոտը ոչ մի լավ բան չի բերում, այն հանգեցնում է քաղցկեղի ու սրտանոթային հիվանդությունների առաջացման:





























