Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի եւ Եկատերինբուրգի հայ համայնքի հրավերով մեկնել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:

Մայր աթոռի տեղեկատվական գրասենյակից հայտնում են, որ Եկատերինբուրգի օդանավակայանում Գարեգին Բ-ին դիմավորել են Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սվերդլովյան մարզի փոխնահանգապետ Յակով Սիլինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը, Ս. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, քաղաքային իշխանությունները եւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սվերդլովյան մարզի նահանգապետարան, ուր տեղի է ունեցել կաթողիկոսի եւ Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ ՀՀ ՊՆ փոխնախարար Մելս Չիլինգիրյանը:

Իր խոսքում նահանգապետն անդրադարձել է հայ եւ ռուս բարեկամությանը, ինչպես նաեւ հայ համայնքի` մարզի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած կարեւոր մասնակցությանը: Նահանգապետը շնորհավորել է Հայ կաթողիկոսին՝ նորակառույց եկեղեցու բացման առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կլինի հայ համայնքի հոգեւոր կյանքի համար:

Իր հերթին, Գարեգին Բ-ն անդրադարձել է երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամական ու եղբայրական հարաբերություններին եւ ներկայիս սերտ համագործակցությանը: Նա փաստել է, որ Ռուսաստանում հայ ժողովրդի զավակները կարողանում են ազատորեն կազմակերպել իրենց հոգեւոր-ազգային կյանքը, իրենց կարեւոր ներդրումը բերել Ռուսաստանի զորացմանն ու առաջընթացին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երկրամասի եւ քաղաքի հասարակական եւ հոգեւոր կյանքին: