Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորված Նավուր գյուղի բնակիչ, 30-ամյա Հայկ Ստեփանի Քոսակյանը աշխատում է ոստիկանության Բերդի բաժնի պահակային ծառայությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը:
Նա նշեց, որ վերջինս գնացել էր Ներքին Կարմիր աղբյուրի վարչական տարածքում գտնվող հանդը՝ խաղող հավաքելու եւ գնելու նպատակով, քանի որ իրենց գյուղում խաղող չկա: Բայց երիտասարդ ոստիկանը չէր հասցրել խաղող հավաքել, երբ մեքենայում նստած, հակառակորդի կրակոցից վիրավորվել է, նրա հետ կային նաեւ երկու բնակիչ, որոնց գնդակը չի դիպել:
«Եթե գնդակը միանգամից իրեն կպներ, վատ կլիներ, գնդակն անցել է մեքենայի դռան մոտի երկաթով, դիպել նստարանին, հետո նոր իրեն: Դրանից հետո սողալով մեքենայից դուրս են եկել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց»,-ասաց Արամ Նիգոյանը:
Գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ Հայկ Քոսակյանը ընտանիքի միակ արու զավակն է, երկու քույրերը ամուսնացած են, ինքն էլ է ամուսնացած, երեխաներ ունի, ապրում է ծնողների հետ:
Արամ Նիգոյանը երեկ տեսակցել է հակառակորդի կրակոցից տուժած իրենց բնակչին, նրան վիրահատել են, գնդակը հանել են, վիճակը լավ է; Բարեբախտաբար, կրակոցի հետեւանքով որեւէ օրգան չէր վնասվել, գնդակը դիպել էր թիակին՝ հետեւի կողմից: Հավանաբար առաջիկա երկու օրերին նա դուրս կգրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` հոկտեմբերի 12-ին, կեսօրին մոտ հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը: Նա այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում:




























