Ինչպես հայտնի է, երեւանյան շուկան երկրում խոշորագույնն է: Ընթացող տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ մայրաքաղաքում է կենտրոնացած մանրածախ առեւտրի կետերի մոտ 55 տոկոսը, որին բաժին է հասնում հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ավելի քան 82 տոկոսը:

Բնակչության ապահովության մակարդակի համաձայան Երեւանը մանրածախ առեւտրի կետերի թվով գերազանցում է մարզերին. մայրաքաղաքի մշտական բնակչությունից 10 հազարին բաժին է հասնում մանրածախ առեւտրի 84 ձեռնարկություն, իսկ մարզերում՝ միայն 38:

Այս առավելությունը մյուս քաղաքների համեմատ մայրաքաղաքում պետք է ապահովի լավագույն մրցակցություն եւ նպաստի հարմար գների ձեւավորմանը: Իսկ թե ինչպիսին է իրական պատկերը, տեսնենք որոշ ապրանքների օրինակի վրա, սկզբում նրանց, որոնք հիմնականում ներկրվում են:

Օրինակ, սեպտեմբերին բրինձը մայրաքաղաքում ավելի թանկ էր, քան մարզերի քաղաքներում, կիլոգրամի դիմաց 233 դրամով կամ մոտ 1.4 անգամ: Նույն իրավիճակն էր «Չեդեր» պանրի դեպքում, որի միջին գինը մայրաքաղաքում կիլոգրամի դիմաց 420 դրամով կամ 1.4 անգամ ավելի թանկ էր, քան մյուս քաղաքներում:

Հակառակ պատկերն է շաքարավազի դեպքում. Մարզերի քաղաքներում այն ավելի թանկ էր, քան մայրաքաղաքում: Իհարկե, «ընդամենը» կգ դիմաց 2.4 դրամով կամ 0.6 տոկոսով: Սակայն որոշ քաղաքներում տարբերությունն ավելի ցայտուն է: Օրինակ, Կապանում այն մեկ կգ դիմաց թանկ է 35 դրամով կամ 9.1 տոկոսով:

Շաքարավազի պատկերը կրկնվում է «Marlboro» ծխախոտի դեպքում: Մարզերում այն 21 դրամով թանկ էր կամ 4 տոկոսով: Իսկ, օրինակ, Դիլիջանում, մեկ տուփը 53 դրամով թանկ էր մայրաքաղաքի համեմատ, կամ 10 տոկոսով:

Առաջարկենք ոգելից խմիչքների խմբի օրինակը: 5 տարվա հնեցման «Արարատ» կոնյակը մայրաքաղաքում 0.5 լիտրի դիմաց 413 դրամով կամ 7 տոկոսով ավելի թանկ էր մյուս քաղաքների համեմատ:

Համեմատությունը ավարտենք հացի օրինակով, որը մայրաքաղաքում 49 դրամով ավելի թանկ է, քան մյուս քաղաքներում կամ 11 տոկոսով: Նշենք, որ մարզային քաղաքների համեմատ, Երեւանում շատ են հացի գործարանները, որոնք աշխատանքի բարձր արտադրողականություն են առաջարկում: Ուստի մյուս բոլոր հավասար պայմաններով հանդերձ, հացի ինքնարժեքը պետք է ավելի ցածր լիներ, քան մյուս քաղաքներում…

Մեր փոքր տարածքով պետությունում մանրածախ գների էական տարբերության օրինակները բազում են: Յուրաքանչյուր առանձին փաստ, բնականաբար, ունի իր բացատրությունը: Ասենք, բացառված չէ ապրանքի տեղափոխման սխալ տրամաբանություն, որը բարձրացնում է դրանց ինքնարժեքը…

Լիովին հնարավոր է արտադրության ոլորտում խոշորագույն ընկերությունների միջեւ(օրինակ, Երեւանում հացի արտադրություն) կամ առանձին ձեռնարկատերերի միջեւ գների շուրջ համաձայնություն: Երեւանում ազդեցիկ գործոն են դարձել սուպերմարկետների ցանցը:

Իր ազդեցությունն ունի նաեւ առաձին շուկաների մենաշնորհը, ինչպես ողջ երկրում(նույն շաքարավազի ներկրում), այնպես էլ քաղաքներում: Պետք է հաշվի առնել նաեւ այնպիսի գործոն, ինչպիսին է հարկերից խուսափումը, որի շնորհիվ հնարավոր է գների որոշակի իջեցում…

Ալբերտ Խաչատրյան