Հետազոտությունները ցույց են տվել, որ աղետների կառավարման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ներառումը կարող է զգալիորեն նվազեցնել նրանց խոցելիությունը եւ բարձրացնել պետությունների կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների արդյունավետությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշվում է Աղետների նվազեցման միջազգային օրը: Այդ առթիվ, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունն ու ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) հետ համագործակցությամբ միջոցառւմ է կազմակերպում Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:
Աղետների նվազեցման միջազգային օրը կշեշտվի, որ.
• Աղետների նվազեցմանը վերաբերող որոշումներն ու քաղաքականությունները պետք է արտացոլեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները,
• Աղետների ռիսկի նվազեցման մեջ կատարած ներդրումները պետք է նպաստեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը:
Միջոցառումը կներառի երկրաշարժի ժամանակ տարհանման վարժանք դպրոցի երեխաների եւ աշխատակիցների համար, որին կհետեւի մամլո ասուլիս Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն»-ի, ՕՔՍՖԱՄ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Վորլդ վիժն Հայաստան»-ի եւ մի շարք այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներն ու աշխատակիցները:
Նշենք, որ Հայաստանում DIPECHO-ի ֆինանսավորած ծրագրերն ընդգրկում են Շիրակի, Արագածոտնի, Լոռիի, Գեղարքունիքի, Վայող Ձորի մարզերը եւ Երեւանը: Գործողություններն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով.
• Տեղական համայնքների կարողությունների ամրապնդում` աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման ուղղությամբ,
• Խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիք ունեցող երեխաների) իրավունքների եւ կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության մեջ, աղետներին առավել հակված շրջաններում երեխաների եւ դպրոցների կարողությունների զարգացում` հնարավոր աղետներին ավելի լավ նախապատրաստվելու, մեղմելու եւ արձագանքելու համար, ինչպես նաեւ աշխատանք` ազգային կրթական համակարգում աղետների ռիսկի նվազեցման խնդիրների շուրջ:
• Արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ բարձր նախապատրաստվածության ապահովման ու դրանց արձագանքելու նպատակով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցության ամրապնդում առաջատար գործակալությունների, պետական մարմինների, ԱՌՆԱՊ-ի ու Հարավային Կովկասի տարածաշրջանում այլ պատկան կառույցների միջեւ:





























