Ազգային ժողովի «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունն ապահովված է: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը իր տեղաշարժման ժամանակ ներկա է:
Հարցին, թե զենք կրո՞ւմ եք, պատգամավորը նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր եւ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու նպատակով: Նրա դիմումի առիթը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին yerkir.am կայքին տված հարցազրույցն է, որտեղ պաշտոնյան ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես»: Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունը:





























