Հայաստանում ԿԽՄԿ-ն շարունակում է գաղտնի երկխոսությունը երկու երկրների իշխանությունների հետ` սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

«Գաղտնի երկխոսությունը շարունակվում է: Երկու կողմերն էլ կառուցողական են տրամադրված», - նշել է Զառա Ամատունին: Ավելի վաղ  հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել ԿԽՄԿ-ի աշխատանքին: 

Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 6-ին Հայաստանի եւ Արբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին է: Ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների` ականի վրա պայթել էին Ադրբեջանի երեք քաղաքացիներ:  Տուժածներից մեկը` 35-ամյա Վեզիր Վելիեւը հիվանդանոց է տեղափոխվել, 40-ամյա Ալի Ալիեւի մասին ոչ մի տեղեկություն չկա, ենթադրվում է, որ միջադեպից հետո նա չեզոք գոտում է, նրա վիճակն անհայտ է: Երրորդ բնակիչ` 30-ամյա Հագանի Մագերամովը չի տուժել: Ադրբեջանական լրատվամիջոցները  վարկածն է շրջանառում, որ նրանք  «հովիվներ» են եղել:

Ամենայն հավանականությամբ` գաղտնի երկխոսությունը վերաբերվում է չեզոք տարածքում գտնվող մարմինը տարհանելուն: