Չեխիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Պրահայում, Վլտավա գետի վրա, տեղադրվել է մանուշակագույն ձեռքի արձանը՝ միջնամատը վեր տնկած: Արձանի միջնամատը մոտ 10 մետր է: Նման անսովոր միջոցով քանդակագործ Դավիդ Չերնին, հավանական է, իր բողոքն է հայտնել Չեխիայի ներկա նախագահ Միլոշ Զեմանի վարած քաղաքականության դեմ, գրում է Newsru.com-ը՝ վկայակոչելով չեխական Novinky.cz կայքը:

Քանդակագործ Չերնին ակտիվորեն մասնակցել է վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավին՝ պաշտպանելով աջ ուղղվածության TOP կուսակցության առաջնորդ Կարել Շվարցենբերգի թեկնածությունը, որը երկրորդ փուլում պարտվել է Զեմանին:

Ներկայումս Չեխիայի նախագահը աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում եւ հանդիպում է այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: «Դեռեւս ես չեմ տեսել արձանը, ուստի ոչինչ ասել չեմ կարող»,-հայտարարել է Զեմանը:

Նշենք, որ Չեխիայի խորհրդարանի կողմից ինքնացրման եւ պատգամավորական լիազորություններն արտահերթ դադարեցնելու վերաբերյալ որոշումից հետո, երկրի նախագահը, Սահմանադրության համաձայն, օգոստոսի 28-ին հրամանագիր  ստորագրել խորհրդարանի Պատգամավորների պալատը ցրելու եւ հոկտեմբերի 26-ին արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: