Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի այրին՝ Սաֆիա Ֆարքաշը, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, պահանջել է հարազատներին հանձնել իր սպանված ամուսնու, ինչպես նաեւ նրան ուղեկցող անձանց մարմինները:
«Ես պահանջում եմ, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, Եվրամիությունն ու բոլորը, որոնք մասնակցել են սպանությանը եւ ուղղակի կամ անունղղակի պատասխանատվություն են կրում այդ սարսափելի հանցագործության համար, բացահայտեն, վերջապես, նրանց մարմինների թաղման վայրը եւ հանձնեն դրանք հարազատներին, որպեսզի վերջիններս կարողանան արժանապատվորեն թաղել»,-գրել է Քադաֆիի այրին, հաղորդում է Lenta.ru-ն:
Նրա կարծիքով՝ «հրեշների» գործողությունները, որոնք սպանել են իր ամուսնուն, հակասում են յուրաքանչյուր կրոնի ու հավատքի նորմերին, իսկ թշնամու մարմինը վերադարձնելուց հրաժարվելն ընդհանրապես աննախադեպ երեւույթ է մարդկության պատմության մեջ:
Քադաֆիի այրին նաեւ դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խնդրելով կապ հաստատել իր որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի հետ, որը գտնվում է լիբիական բանտերից մեկում: Բաց նամակի վերջում, նա հույս է հայտնել, որ իր ձայնը կլսվի գոնե Մուամար Քադաֆիի սպանության երկրորդ տարելիցի օրը (Քադաֆին սպանվել է 2011-ի հոկտեմբերի 20-ին):
Լիբիայի նախկին առաջնորդի այրու նամակին դեռեւս ոչ ոք չի արձագանքել:





























