Եվրոպայում Հայաստանի նախագահությունը բավականին հաջող է ընթանում եւ դրա վկայություններից է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ով Երեւան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ խորհրդաժողովի խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ այդ խնդիրները այսօր ոչ միայն այժմէական են, այլեւ լուրջ մարտահրավեր են միջազգային հանրության համար։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանն ասել է. «Չնայած Եվրոպայի խորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից այլատյացության, խտրականության եւ ատելության դեմ տարվող պայքարին, այսօր անգամ ԵԽ կազմում դեռեւս կան երկրներ, որոնք ոչ միայն քարոզում են այլատյացությունը, այլեւ առաջնորդվում են այդ գաղափարախոսությամբ իրենց գործունեության մեջ՝ ոչ միայն անտեսելով թե ԵԽ-ի, եւ թե այլ հեղինակավոր միջազգային կառույցների քննադատությունը, այլեւ հանդիմանելով եւ հակադրվելով դրանց, հռչակում են իրենց հանդուրժողականության կենտրոն, որից աշխարհը պետք է օրինակ վերցնի»։
Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Մուիժնիկսը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։
Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հայրենիքում ապաստանած սիրիահայերին օժանդակելու նպատակով իրականացվող քայլերին։





























