Ադրբեջանի Ազգային Ժողովը հոկտեմբերի 22-ին երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է նախորդ կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեին: Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Իլհամ Ալիեւը: Ռասիզադեի հաստատման օգտին քվեարկել են խորհրդարանի 112 պատգամավորներ, դեմ են քվեարկել 2-ը:
Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, նոր նախագահի ընտրության դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս: Ավելի վաղ Ալիեւը նախարարներին ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել: Փաստացի կառավարությունը միայն ձեւականորեն է հրաժարական տվել եւ նույնն է մնալու:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 9-ին: Ընդդիմությունը հայտարարել է տոտալ խախտումների մասին եւ չի ճանաչում Ալիեւի հաղթանակը:





























