ԵԽԽՎ կանոնադրությունում կան երկու հրամայական պահանջներ՝ պահպանել իշխանություն-ընդդիմություն քաղաքական ուժերի հավասարակշռությունը, եւ գենդերային հավասարակշռությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«ԵԽԽՎ կանոնադրությունում չկա այնպիսի պահանջ, որ պատվիրակությունում ներկայացված լինել բոլոր քաղաքական ուժերն անխտիր: Նման պահանջ չկա եւ դա Ազգային ժողովի խոսնակի որոշելու խնդիրն է»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական խմբակցությունից «Ժառանգությանը» դուրս հանելը ԱԺ խոսնակի լիազորությունների շրջանակում է. «Երբ նախկինում ՕԵԿ-ը պատվիրակության կազմում ընդգրկված չէր, ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չէր խոսում»:

Ի պատասխան այն հարցին, արդյոք Զարուհի Փոստանջյանը կարող է բողոքարկել այդ որոշումը, Զոհրաբյանն ընդգծել է, որ իրեն չեն հուզում Փոստանջյանի հետագա քայլերը. «Զարուհի Փոստանջյանի քայլերը ինձ երբեք չեն հետաքրքրել, հիմա եւս դրանք ինձ չեն հուզում»: