Ստրասբուրգում Հայաստանի նախագահին հասցեագրված հարցը ընդամենը առիթ էր եւս մեկ անգամ վերանայելու ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով պատվիրակության կազմից «Ժառանգությանը» դուրս հանելու որոշումը:

Հարությունյանի խոսքով՝ ավելի վաղ ոչ ոքի չէր հուզում, որ ԵԽԽՎ պատվիրակությունում ներառված են ոչ բոլոր խմբակցությունները. «Մասնավորապես, ՕԵԿ խմբակցությունը ներկայացված չի եղել պատվիրակությունում եւ նախնական պայմանավորվածություն է եղել, որ ռոտացիա է լինելու: Պատվիրակության նպատակն է ներկայացնել մեր խորհրդարանի քաղաքական գունապնակը: Այսինքն՝ պատվիրակությունը պետք է բաղկացախ լինի թե մեծամասնությունից, թե ընդդիմությունից:  Սակայն ճիշտ չէ, երբ խորհրդարանական մեծամասնությունը պատվիրակությունում ներկայացված է որպես փոքրամասնություն: Հովիկ Աբրահամյանի որոշումը ես ճիշտ եմ համարում:»

Ի պատասխան այն հարցին, արդյոք «Ժառանգության» ղեկավար Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է վիճարկել այդ որոշումը, Հարությունյանն ասել է, որ նա այդ իրավունքն ունի. «Ամեն մեկը պետք է պաշտպանի իր իրավունքները բոլոր հնարավոր միջոցներով: Սակայն բողոքարկումն ապարդյուն կլինի: ԵԽԽՎ-ում կլինեն պատգամավորներ, որոնք կսատարեն Փոստանջյանին, սակայն դա ելքի վրա ազդեցություն չի ունենա»: