Հայ-վրացական սահմանն ապօրինաբար հատելու համար ձերբակալված Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Պելենգովը հանկարծ «հիշել է» հայկական բանտում ձերբակալված լինելու մասին:
Հիշել նրան օգնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես, anspress հեռուստաալիքը Պելենգովի բառերով հաղորդում է, որ սահմանի երկայնքով իրեն գրեթե ուժով քարշ են տվել «քաղաքացիական հագուստով մարդիկ»: Պելենգովի խոսքով՝ նրանք հայեր են եղել:
Նա բարեխղճորեն հաղորդել է այն «սարսափների» մասին, որոնք նա տեսել է հայկական բանտում: «Ինձ ասել էին, որ եթե չհայտարարեմ սահմանն ինքնակամ հատելու մասին, ապա եղունգներս կքաշեն եւ կմեղադրեն այլ հանցագործությունների մեջ»,-հայտարարել է Պելենգովը:
Սակայն հետո կազուս է տեղի ունեցել: Մոռանալով նախքան հարցազրույցը տրված «ցուցումները», Պելենգովը սկսում է շփոթել ցուցմունքները: Պարզվել է, որ նրա բանտախցում եղել են երեք հայեր, իր նկատմամաբ բռնություն չի կիրառվել եւ կենսապահովման խնդիրներ եւս չեն առաջացել:
Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Պելենգովը օգոստոսի տասնյոթին ձերբակալվել է սահմանն ապօրինաբար հատելու համար: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հոկտեմբերի տասնյոթին Պելենգովն ազատ է արձակվել եւ վերադարձել հայրենիք:





























