Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Մաքային միությունը չկայացած կառույց եւ քաղաքական միություն է համարում, իսկ Հայաստանի ՄՄ մուտք գործելը ՝ փակուղի երկրի համար:  Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նաեւ հիշեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու հնարավոր ժամկետների մասին: Նա ընդգծել է, թե տվյալ հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանին պատրաստում են ոչ այնքան ՄՄ-ին անդամակցության համար, որքան՝ «կայսրության վերածնման նախագիծ» Եվրասիական միության:

Ըստ մասնագետի՝ ՄՄ-ն Հայաստանի համար որեւէ առավելություն  չի ենթադրում, կախվածության մեջ է դնում Մոսկվայից եւ բազմաթիվ այլ վտանգների է ենթարկում:

Պարզաբանելով իր դիրքորոշումը՝ Ա. Եղիազարյանը նշել է, որ եթե ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելով Հայաստանը հնարավորություն ուներ նույնարժեք պայմանագրեր ստորագրել նաեւ  այլ երկրների եւ միությունների հետ, ապա ՄՄ մուտք գործելով՝ այն փաստորեն փակում է իր սահմանները: «Վրաստանի հետ հայտնվելով հավասար տնտեսական դաշինքներում, որոնք օրերից մի օր կարող են հակամարտության մեջ մտնել, Հայաստանը կարող է հասնել նրան, որ կամավոր կփակի նաեւ Վրաստանի հետ սահմանը», - նշել է նա: ՄՄ մուտք գործելը, ըստ նրա, կհանգեցնի շատ ապրանքների գների բարձրացման եւ զգալիորեն կսահմանափակի գնաճը զսպելու հնարավորությունները:

Հայաստանի՝ ՄՄ մուտք գործելու կողմնակիցների փաստարկները, թե ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Հայաստանը ոչինչ չէր ստանա, քանի որ հայկական արտադրանքը  ոչ մրցունակ է,  տնտեսագետն անհեթեթ է անվանել: Ըստ նրա՝ հենց այդ պայմանագիրը կհանգեցներ հայկական ապրանքների որակի բարձրացման եւ մրցունակության: Ինչ վերաբերում է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից հնարավոր պատժամիջոցներին, ըստ փորձագետի՝ դրանք ժամանակավոր բնույթ կկրեին: