Ցավում եմ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին դուրս են հանել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից, քանի որ կա ասպարեզ, որը դրա արդյունքում կարողղ է տուժել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության խնդիրն է հայտարարություններով հանդես գալ, տարբեր բանաձեւերի ընդունման մասին առաջարկություններ ներկայացնել, ինչը նաեւ նախատեսում է ստորագրահավաք: Նա նաեւ ընդգծել է, որ ԵԽԽՎ-ում ստորագրահավաք անցկացնելը հեշտ չէ եւ Փոստանջյանը այդ առումով բոլորից լավ է աշխատել. «Այդ դեպքում ստիպված ես աշխատել պատգամավորների հետ, որոնք մեզ հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն: Նա այդ հարցը բոլորից լավ էր լուծում»:

Ռուսռտամյանը նաեւ ասել է, որ խորհրդարանի խոսնակը ընդհանուր առմամբ վերաձեւակերպել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը, ինչի արդյունքում այն ակնհայտ փոփոխությունների է ենթարկվել:

Այնուամենայնիվ, Ռուստամյանի խոսքով, խոսնակն իրավունք ունի ձեւավորելու պատվիրակությունները՝ խորհրդիակցելով խմբակցությունների հետ. «Խորհրդակցության ձեւաչափը չի ենթադրում խորհրդարանի խոսնակի որոշման վրա ազդեցությունը, վերջին խոսքը նրանն է: ԵԽԽՎ կանոնադրությունը հնարավորություն է տալիս խոսնակին՝ ձեւավորելու պատվիրակությունները»: